Մարտունիում ԱԹՍ-ի ուսումնական դասարանի և լաբորատորիայի ստեղծում

5,894,230 ֏հավաքված
100%

նպատակ: 5,900,000 ֏

աջակիցներ: 7

Աջակցել հիմա

կարևոր


Հայասա Hayasa

363,606 ֏ · վերջինը

Project Partners in LA

5,160,324 ֏ · Թոփ

Nerqin Getashen

300,000 ֏ · առաջինը

Մարտունիում ԱԹՍ-ի ուսումնական դասարանի և լաբորատորիայի ստեղծում

Ստեղծենք անօդաչու տեխնոլոգիաների լաբորատորիա Մարտունիում

Ժամանակակից տեխնիկական կրթությունը պետք է հասանելի լինի երիտասարդներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում։

Մարտունիում մենք ստեղծում ենք ուսումնական դասարան և անօդաչու տեխնոլոգիաների լաբորատորիա, որտեղ պատանիներն ու երիտասարդները կկարողանան ուսումնասիրել դրոնների կառուցվածքը, էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման հիմունքները, աշխատել համակարգչային սիմուլյատորներով, սովորել անօդաչու համակարգերի հավաքում, կարգաբերում, վերանորոգում և գործնական կառավարում։

Մեր նպատակը մասնակիցներին ոչ միայն դրոնների կառավարում սովորեցնելն է, այլև նրանց ինժեներական և տեխնիկական հմտություններ փոխանցելը, որոնք հետագայում հնարավոր կլինի կիրառել կրթության, գյուղատնտեսության, քարտեզագրության, տարածքների դիտարկման և քաղաքացիական այլ ոլորտներում։

Հետագայում նախատեսում ենք զարգացնել ծրագիրը և անցնել ավելի խոշոր անօդաչու համակարգերի, այդ թվում՝ գյուղատնտեսական դրոնների ուսումնասիրությանը։ Դա տարածաշրջանի երիտասարդներին հնարավորություն կտա ձեռք բերել պահանջված գործնական հմտություններ և մասնագիտական զբաղվածության հնարավորություններ գտնել անմիջապես իրենց համայնքներում։

Ի՞նչ է ստեղծվելու

Լաբորատորիայի գործարկման համար անհրաժեշտ է՝

  • նախապատրաստել և կահավորել ուսումնական տարածքը,

  • տեղադրել երեք համակարգչային կայան,

  • ձեռք բերել ուսումնական դրոններ և դրանց կառավարման սարքավորումներ,

  • ձեռք բերել մարտկոցներ, լիցքավորող սարքեր, գործիքներ և պահեստամասեր,

  • ստեղծել սարքավորումների հավաքման, կարգաբերման և վերանորոգման տեխնիկական գոտի,

  • տեղադրել 3D տպիչ,

  • կազմակերպել հրահանգչի աշխատանքը և սկզբնական ուսումնական գործընթացը։

Լաբորատորիան հնարավորություն կտա իրականացնել ուսուցման ամբողջական փուլ՝ տեսությունից և համակարգչային սիմուլյատորներից մինչև իրական սարքավորումներով աշխատանք և գործնական նախագծերի իրականացում։

Ուսուցման հիմնական ուղղությունները

Մասնակիցներն ուսումնասիրելու են՝

  • անօդաչու համակարգերի կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքները,

  • աշխատանք համակարգչային սիմուլյատորներով,

  • էլեկտրոնիկայի և ինժեներական գործի հիմունքները,

  • զոդում, սարքավորումների հավաքում, կարգաբերում և վերանորոգում,

  • աշխատանք ծրագրային ապահովման հետ,

  • ուսումնական դրոնների գործնական կառավարում,

  • եռաչափ մոդելավորման և 3D տպագրության հիմունքները,

  • անօդաչու տեխնոլոգիաների կիրառումը քաղաքացիական և գյուղատնտեսական նախագծերում։

3D տպագրությունը՝ որպես գործնական հմտություն և եկամտի աղբյուր

3D տպիչն անհրաժեշտ է ոչ միայն առանձին դետալների պատրաստման և սարքավորումների վերանորոգման համար։

Մասնակիցները կկարողանան ուսումնասիրել եռաչափ մոդելավորում, ստեղծել սեփական արտադրանք և կատարել փոքր գործնական պատվերներ։ Հետագայում այս ուղղությունը կարող է երիտասարդների համար դառնալ առաջին ինքնուրույն եկամուտը ստանալու, սեփական նախագծերը զարգացնելու և տարածաշրջանի բնակիչներին ու կազմակերպություններին ծառայություններ մատուցելու հնարավորություն։

Այսպիսով, լաբորատորիան պետք է դառնա ոչ միայն ուսումնական տարածք, այլև մի վայր, որտեղ տեխնիկական գիտելիքները վերածվում են իրական հմտությունների, պատրաստի արտադրանքի և զբաղվածության հնարավորությունների։

Ինչի՞ն են ուղղվելու միջոցները

  • 2 516 000 դրամ՝ ուսումնական դրոնների, կառավարման սարքավորումների, մարտկոցների, լիցքավորող սարքերի, պահեստամասերի, գործիքների և սպառվող նյութերի ձեռքբերմանը,

  • 1 404 000 դրամ՝ սիմուլյատորների, տեխնիկական ծրագրերի և ուսուցման համար նախատեսված երեք համակարգչային կայանների ձեռքբերմանը,

  • 1 000 000 դրամ՝ 3D տպիչի և մոդելավորման ուսուցման, արտադրանքի պատրաստման ու գործնական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը,

  • 300 000 դրամ՝ տարածքի նախապատրաստմանը և հրահանգչի աշխատատեղի ստեղծմանը,

  • 146 300 դրամ՝ լաբորատորիայի գործարկման և հրահանգչի աշխատանքի կազմակերպմանը,

  • 536 630 դրամ՝ ծրագրի կազմակերպչական և վարչական ուղեկցմանը, պարտադիր վճարներին և պահուստային ծախսերին։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5 902 930 դրամ։

Աջակցելով ծրագրին՝ դուք օգնում եք Մարտունիում ստեղծել մշտապես գործող կրթական տարածք, որտեղ երիտասարդները կկարողանան ստանալ ժամանակակից ինժեներական գիտելիքներ, տիրապետել պահանջված տեխնոլոգիաների և մասնագիտական զարգացման հնարավորություններ գտնել իրենց տարածաշրջանում։